Կուրսերն անցնելու ճիշտ հերթականությունը
Շատերը հարցնում էին, թե ինչ հերթականությամբ պետք է դիտել Galent.am-ում առկա կուրսերը, չնայած նրան, որ ամեն բաժնում կուրսերը դասավորված են ըստ հերթականության և յուրսաքանչյուր կուրսում նշվում է, թե տվյալ կուրսին անցնելու համար ինչ գիտելիքներ են անհրաժեշտ։
Ամեն դեպքում, այժմ կփորձեմ մանրամասնել այս ամենը մասնագիտական տեսանկյունից, որպեսզի հարցեր չմնան:
Մասնագիտական մոտեցում
Որպեսզի ամեն ինչ հնարավորինս պարզ դառնա, փորձենք դասակարգել կուրսերն ըստ մասնագիտությունների: Կախված նրանից, թե որ մասնագիտությունն է Ձեզ ավելի համապատասխանում, արդեն կկողմնորոշվեք, թե որ կուրսերն են Ձեզ պետք և ինչ հերթականությամբ է հարկավոր դիտել դրանք:
Դիզայներ
Եթե Ձեզ ավելի հոգեհարազատ է աշխատել թվային պատկերների հետ, որպես դիզայներ, այսինքն՝ կոդի հետ ոչ մի առընչություն չեք ունենալու, ապա «Դիզայն» բաժնի կուրսերը լիովին բավարար են:
Հետագայում հավանաբար կավելանան նաև թվային դիզայնին վերաբերվող այլ կուրսեր: Ամեն դեպքում, եթե նոր եք սկսում, սկսեք Photoshop ծրագրին վերաբերվող կուրսերից։ Սա ամենատարածված ծրագիրն է և անցնելով համապատասխան կուրսերը, արդեն կկարողանաք Ձեր ուրույն տեղը զբաղեցնել դիզայներների կողքին:
Ծրագրավորող
Ծրագրավորումը, որպես այդպիսին, բավականին լայն հասկացողություն է և իր մեջ ներառում է մի շարք այլ գիտության ճյուղեր։ Բայց, քանի որ Galent.am կայքի շեշտադրումն ի սկզբանե եղել է վեբ ծրագրավորման ոլորտում ուսուցողական կուրսեր տրամադրելու վրա, հետևաբար այժմ կդիտարկենք վեբ ծրագրավորողի մասնագիտությունը ամբողջությամբ։
Հետաքրքիր, միևնույն ժամանակ նաև մեծ պահանջարկ ունեցող այս մասնագիտությունը կարելի է բաժանել 3 խմբի.
- Front-end Developer
- Back-end Developer
- Full-stack Developer
Front-end Developer - մասնագիտություն, որը պահանջում է տիրապետել հետևյալ տեխնոլոգիաներին՝ HTML5, CSS3 և JavaScript: Իհարկե, JavaScript-ի ամենատարածված գրադարանին՝ jQuery գրադարանին, տիրապետելը աշխատանք գտնելու հարցում և ոչ միայն, բացի որպես առավելություն դիտվելուց, նաև զգալիորեն կարող է հեշտացնել ընթացիկ աշխատանքը: Բացի դրանից, հարկավոր է կարողանալ տարբեր բարդության ադապտացվող նախագծեր ստեղծել, տարբեր սարքերի համար:
Front-end ծրագրավորողների համար անհրաժեշտ չէ, բայց շատ է պետք գալիս նաև Photoshop ծրագրի հետ աշխատելը: Եթե չեք տիրապետում այս ծրագրին, ապա փորձեք լրացնել այդ բացը, որովհետև ընթացքում այն Ձեզ պետք կգա, քանի որ վեբ կայքերի դիզայնը հիմնականում մշակում են Photoshop-ի միջոցով: Կայքում կարող եք գտնել պրակտիկ կուրսեր, որոնք վերաբերվում են Photoshop ծրագրին:
Եթե արդեն ունեք բազային գտելիքներ HTML-ից և CSS-ից, սկսեք ուսումնասիրել JavaScript, այնուհետև անցեք HTML5, CSS3 և ադապտացվող դիզայնին վերաբերվող պրակտիկ կուրսին: Բոլոր կուրսերը կարող եք գտնել կայքում:
Վաղուց արդեն վեբ դիզայներ, որպես մասնագետ չկա: Չկա պահանջարկ, որովհետև HTML-ի 5-րդ տարբերակը թողարկվելուց հետո, որոշ սեգմենտներ միաձուլվեցին JavaScript-ի հետ: Հետևաբար նրանք, ովքեր գիտեն միայն HTML և CSS, միշտ դժգոհ կմնան աշխատանք չգտնելուց և մի շարք լիարժեք պրոյեկտներ չռեալիզացնելուց: Այստեղ կարծում եմ ամեն ինչ պարզ էր:
Back-end Developer - այս մասնագիտությունը նույնպես բավականին ճյուղավորված է և դա միայն վեբ ծրագրավորման ոլորտում։ Այսօր ամենատարածված ծրագրավորման լեզուն, Back-end կամ Server-side տարածքում, PHP-ն է: JavaScript-ը նույնպես կարելի է օգտագործել Back-end տարածքում, բայց դրան կանդրադառնամ մի փոքր ուշ:
Իսկ այն տվյալների բազան, որի հետ ամենից շատն է պետք գալիս աշխատել PHP-ի միջոցով, դա MySQL տվյալների բազան է: Կայքում կարող եք գտնել կուրսեր թե PHP-ի վերաբերյալ, և թե MySQL-ի վերաբերյալ: Կուրսերը դասավորված են ճիշտ հերթականությամբ՝ թեորիայից մինչև պրակտիկա:
Full-stack Developer - այստեղ ամեն ինչ ավելի հետաքրքիր է, երբ ամեն ինչ անում ես ինքնուրույն` միաժամանակ հանդիսանալով և Front-end Developer, և Back-end Developer: Իմ դեպքում, Back-end տարածքի հետ կապված խնդիրները լուծում եմ PHP-ի միջոցով, բայց, ինչպես նշեցի, Back-end տարածքում կարելի է օգտագործել նաև JavaScript ծրագրավորման լեզուն: Դրա համար անհրաժեշտ է իմանալ Node.js:
Չեմ անդրադառնում «Բիզնես» բաժնին, քանի որ օնլայն բիզնեսի վերաբերյալ միայն այդ բաժինն է, որ առկա է կայքում։ Իսկ կուրսերն ավելանալու են ըստ հերթականության, հետևաբար ինքնուրույն կկողմնորոշվեք արդեն, թե որտեղից սկսել և ինչքան խորանալ:
Վերջում կցանկանայի նշել հետևյալը, որ Հայաստանում աշխատանք չգտնելու կամ այլ հարցերի հետ կապված դժգոհություններ առաջանալու դեպքում, միշտ հիշեք՝ Հայաստանյան շուկայով չի եզրափակվում IT ոլորտը:
Այստեղ եզրափակում եմ այսքանով, եթե մնացին հարցեր, գրեք մեկնաբանություններում:
Աջակցություն պատերազմից տուժած զինվորներին
Կա՞ արդյոք կրթության պատվիրատու
ԱՄՆ-ն IT ոլորտի մասնագետների համար