ԱՄՆ-ն IT ոլորտի մասնագետների համար

Ողջունում եմ Ձեզ իմ բլոգում հարգելի ընթերցող։ Շատ հաճախ ինձ հարցնում են, թե որքան գումար են վաստակում IT ոլորտի մասնագետները ԱՄՆ-ում՝ հատկապես ծրագրավորողները, թե ինչպես կարելի է գնալ և աշխատանք գտնել այնտեղ, ապրել այնտեղ և այլն․․․

Իրականում ինքս փորձ չունեմ, բայց կարծում եմ, որ կարող եմ ինչ որ չափով օգտակար լինել այս հարցում, քանի որ ունեմ բավականին շատ ծանոթներ, ում հաջողվել է հայտնվել ԱՄՆ-ում, գտնել աշխատանք, հիմնադրել ինչ որ բիզնես և այլ․․․

Օրինակ՝ ամենից շատ հետաքրքրող հարցը վերաբերվում է աշխատավարձներին։ Դրա վերաբերյալ ինֆորմացիա կարելի է գտնել նաև համացանցում։ Ստորև գտնվող պատկերի միջոցով ներկայացված է IT ոլորտի մասնագետների միջին աշխատավարձը:

Ծրագրավորողի աշխատավարձը ԱՄՆ-ում

Վերոնշյալ պատկերը վերցված է այս վեբ կայքից:

Ծրագրավորողի աշխատավարձի վերաբերյալ ինֆորմացիա կարող եք գտնել նաև paysa.com վեբ կայքում:

Կալիֆորնիա․ դրախտ ծրագրավորողների համար

Գաղտնիք չէ, որ Կալիֆորնիա նահանգը՝ հատկապես Սան Ֆրանցիսկո քաղաքը, կարելի է համարել ինֆորմացիոն տեխնոլոգիաների մայրաքաղաք։

Հիմնականում այստեղ են ծնունդ առնում IT ոլորտի ռեվոլուցիոն սթարթափները, որոնք տարիների ընթացքում փոխում են աշխարհը։ Այստեղ է գտնվում նաև լեգենդար սիլիկոնային հովիտը (Silicon Valley), Սթենֆորդի համալսարանը և այլն․․․

Իհարկե, համեմատած ԱՄՆ-ի այլ քաղաքների հետ, Սան Ֆրանցիսկոյում կյանքի գինն ավելի թանկ է, բայց IT ոլորտի մասնագետների համար այստեղ աշխատավարձն էլ է համեմատած ավելի բարձր, քանի որ այստեղ են գտնվում տվյալ ոլորտում աշխարհի ամենաառաջատար ընկերությունները՝ սկսած Facebook-ից և Microsoft-ից մինչև Google և Apple։

Ինչպե՞ս գնալ ԱՄՆ

ԱՄՆ գնալու և այնտեղ աշխատանք գտնելու համար կա մի քանի տարբերակ։ Կարելի է համապատասխան վեբ կայքում ներկայացնել դիմում և շահել Green Card, կարելի է որոշակի պայմաններով գնել ինչ որ անշարժ գույք, որը կնպաստի տեղափոխվել ԱՄՆ և նույնիսկ հնարավորություն կտա ձեռք բերել քաղաքացիություն։ Կարելի է նաև կատարել ներդրումներ որոշակի պայմաններին համաձայն և կրկին տեղափոխվել այնտեղ ու ձեռք բերել քաղաքացիություն։

Մի խոսքով, տարբերակներ իրականում շատ կան։ Իմ ծանոթներից ոմանք պարզապես տեղափոխվել են ԱՄՆ, ընդունվել են աշխատանքի Uber-ում և ընտանյոք հանդերձ, բավարար աշխատավարձ ստանալով, կարողանում են նորմալ ապրել: Ոմանք գնացել են ինչ որ ուսուցողական ծրագրերով, այնուհետև ընդունվել են աշխատանքի, ոմանք էլ տեղափոխվել են այնտեղ, հիմնադրել են ինչ որ բիզնես և մինչ օրս ապրում են ԱՄՆ-ում։

Տվյալ հարցի շուրջ բավականին շատ ինֆորմացիա կարող եք գտնել համացանցում, քանի որ հարցն ակտուալ է։ Իսկ մի քանի այլ մեթոդներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Ամեն դեպքում, եթե պարզապես գնաք ԱՄՆ, այնուհետև փորձեք աշխատանք գտնել, հարկավոր կլինի ունենալ բնակավայրի գրանցում և աշխատանքի թույլտվություն։ Այսինքն՝ հարկավոր կլինի ունենալ որոշակի ֆինանսներ, որպեսզի մինչ աշխատանք գտնելը հնարավոր լինի ապրել։

Բայց կան նաև այլ մեթոդներ, որոնք թույլ կտան առանց բյուդջե ունենալու գնալ ԱՄՆ և տեղավորվել աշխատանքի։ Հատկապես IT ոլորտի ու հատկապես լավ մասնագետների համար դա ամենից հեշտն է։

ԱՄՆ-ն IT ոլորտի մասնագետների համար

Աշխատանք ԱՄՆ-ում

Այժմ դիտարկենք ամենաունիվերսալ մեթոդը, թե ինչպես կարող է ցանկացած IT ոլորտի մասնագետ հեշտությամբ աշխատանք գտնել ինչ որ ընկերությունում և տեղափոխվել այնտեղ։

Գոյություն ունի H1B (աշխատանքային վիզա)։ Տվյալ վիզան կարելի է ստանալ անմիջապես գործատուներից։ Կան մեծ կազմակերպություններ IT ոլորտում, որոնք պատրաստ են տրամադրել H1B տեսակի աշխատանքային վիզա, հոգալ բոլոր անհրաժեշտ ծախսերը, այդ թվում նաև Ձեր երթևեկության ծախսերը, որպեսզի կարողանաք հայտնվել ԱՄՆ-ում և տեղավորվել իրենց մոտ աշխատանքի։

Այդպիսի ընկերություններում աշխատանքի անցնելու համար հարկավոր է ներկայացնել դիմում ընկերության ազատ աշխատատեղերի համար, այնուհետև ունենալ հարցազրույց տվյալ ընկերությունում աշխատանքի ընդունելությամբ զբաղվող մասնագետների հետ, ստանալ հրավեր, բոլոր անհրաժեշտ միջոցներն ու թղթաբանությունը և մեկնել համապատասխան կոորդինատներով։ Միգուցե հարկավոր լինի նաև ներկայացնել որոշակի պորթֆոլիո կամ եթե հանդիսանում եք ինչ որ ընկերության հիմնադիր IT ոլորտում, դա նույնպես կարող է դիտվել որպես առավելություն։

Սովորաբար այդպիսի խոշոր ընկերությունները, հատկապես ուսանողներին, ընդունում են աշխատանքի որոշակի ուսուցողական ծրագրերի շրջանակներում։ Այսինքն՝ Դուք իրենց մոտ ընդունվում եք պրակտիկայի, ստանում եք որոշակի գումար, որպեսզի մինչ աշխատանքի ընդունվելը կարողանաք ապրել և եթե ամեն ինչ նորմալ է անցնում, Ձեզ ընդունում են աշխատանքի։

Սա ամենատարածված մեթոդն է, որից օգտվում են տարբեր մակարդակի ծրագրավորողներ և այլ IT ոլորտի մասնագետներ, ովքեր տեղափոխվում են ԱՄՆ տարբեր երկրներից։ Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ գտնեք աշխատանք, նոր տեղափոխվեք։

Իհարկե, տարբեր ընկերություններից մերժվելը նույնպես նորմալ երևույթ է, այդ իսկ պատճառով հարկավոր է ուղարկել մի քանի ընկերություններին այդպիսի դիմում-հայտեր, որոնք տրամադրում են այդպիսի ծառայություններ։

Որքան շատ հետաքրքրվեք այս հարցով, որքան շատ ինֆորմացված լինեք և որքան շատ համապատասխան ընկերություններին դիմեք այս հարցով, այնքան շանսերը մեծ կլինեն, որ տեղափոխվեք ԱՄՆ, գտնեք աշխատանք և ապրեք այնտեղ։ Ամեն ինչ զգալիորեն ավելի հեշտ կլինի հատկապես նրանց համար, ովքեր հանդիսանում են բարձր մակարդակի մասնագետ։ Այդպիսի մասնագետների պահանջարկը շատ մեծ է, իսկ ազատ աշխատատեղեր ԱՄՆ-ում կան մոտ 1 միլիոնից ավել:

H1B տեսակի և այլ վիզաների մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել myvisajobs.com վեբ կայքում, իսկ այն ընկերությունների ցանկը, որոնք տրամադրում են H1B տեսակի վիզա, կարող եք գտնել այստեղ։ Համապատասխան աշխատանք կարող եք փնտրել workbyvisa.com կայքում։

ԱՄՆ-ում աշխատանք գտնելու համար կարող եք օգտվել նաև cybercoders.com վեբ կայքից: Օրինակ՝ եթե աշխատավարձը նշված է $125k-$160k, ապա խոսքը գնում է տարեկան 125000-ից 160000 ԱՄՆ դոլարի մասին:

ԱՄՆ-ի մի շարք նահանգներում և քաղաքներում կյանքի մակարդակը զգալիորեն բարձր է, կյանքն ավելի հետաքրքիր է և հեռանկարներն են մեծ։ Սովորաբար այն մարդիկ, ովքեր կարողանում են հաջողությամբ տեղավորվել ԱՄՆ-ում, այլևս չեն ցանկանում տեղափոխվել այլ երկրներ։ Մաքսիմում գնան ճանապարհորդելու մի քանի Եվրոպական երկրներում կամ ինչ որ հետամնաց երկրներում, որտեղ շուկան դատարկ է, փորձեն հիմնադրել և աշխատացնել ինչ որ փորձված բիզնես մոդել՝ հետապնդելով միայն ֆինանսական նպատակներ։

Այսպիսով, կարծում եմ օգտակար էր այս նյութը բոլոր հետաքրքրվողների համար։ Եթե ունեք ինչ որ արժեքավոր ինֆորմացիա կամ փորձ այս հարցում, գրեք մեկնաբանություններում։


03.03.2017
994